Տարածաշրջանային այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւս պիտի այցելի մեր երկիր: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մանրամասնելով. «Քլինթոնի այցը տարածաշրջան բավական խոսուն էր: Այն անվանում էին հարավ-արեւելաեվրոպական  տուռնե, եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար ուրվագծում էր, թե որտեղ է ավարտվում Հարավարեւելյան Եվրոպան: Նրա ուղերձները նաեւ ազդանշան են այն բանի, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն շատ լուրջ ռազմավարական շահեր եւ թույլ չեն տա որեւէ ինքնագործունեություն: Սա առավելապես նշվում էր Ադրբեջանին ուղղված ուղերձում»:

Ստեփան Սաֆարյանը հավելեց նաեւ, որ սա  լուրջ ձեռնոց է՝ ուղղված Ռուսաստանին, ով պետք է հակակշռի ԱՄՆ-ին, այդ թվում՝ պահպանելով հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: