Մայիսի 13-ին Վարշավայի «Ընթերցանության մոդա» գրատանը տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակչության շնորհանդեսը: Վեպը նվիրված է Հայոց ցեղասպանությանը եւ թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Այն լեհ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ:

Շնորհանդեսը կազմակերպվել էր Մշակույթի ռումինական ինստիտուտի, «Կլիմատի» գրքերի հրատարակչության եւ «Ընթերցանության մոդա» գրատան կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էր նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Հեղինակը ներկաներին մանրամասն ներկայացրեց վեպի հիմնական բովանդակությունը` անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ դրա ճակատագրական հետեւանքներին ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության կյանքում: Վարուժան Ոսկանյանը նաեւ պատասխանեց ընթերցողներին հուզող հարցերին: