Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահապատիժը՝ համեմատելով այն Հին Եգիպտոսում տիրող կարգերի հետ։

Կահիրեի քրեական դատարանը նրան ու «Մուսուլման եղբայրների» մի քանի առաջնորդների գործով վճիռ է կայացրել պետական դավաճանության եւ օտար պետության համար լրտեսություն կատարելու մեղադրանքով, ինչպես նաեւ 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին «Մուսուլման եղբայրների» առաջնորդների՝ բանտերից փախչելու համար։Գործի փաստաթղթերը փոխանցել են երկրի գերագույն մուֆթիին՝ հաստատման կամ մերժման համար։ Վերջնական վճիռը հայտնի կդառնա հունիսի 2-ին։

«Եգիպտոսում, ցավոք սրտի, ժողովրդի ընտրած նախագահ Մուրսիին մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել։ Եգիպտոսը վերածվում է Հին Եգիպտոսի։ Արեւմուտքը երբեք չի արձագանքել Եգիպտոսում ռազմական հեղաշրջմանը եւ իր մոտ չեղյալ հայտարարելով մահապատիժը՝ կողմնակի դիտորդի դերում է մնում»,- հայտարարել է Էրդողանը մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանրահավքի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեծ փախուստը» տեղի էր ունեցել 2011թ. հունվարի 25-ի «հեղափոխության օրերին»։ Բանտից փախած գործիչներից մեկն էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին։

Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները վատթարացել էին Մուրսիի ռեժիմի տապալումից հետո։