Երեւանի 79-ամյա բնակչի դին, ում գտնվելու վայրն անհայտ էր 2015 թվականի հունվարի 2-ից, հայտնաբերվել է Արարատի մարզում։ 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2015 թվականի մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝  Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է  դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։

2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա Հ.Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ. Ղազարյանը 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից եւ գնացել Երեւանում բնակվող քրոջը տեսության: Քրոջ տան բակում հանդիպել է բնակչուհի Կ.Ավագյանին եւ հիշողության կորստի պատճառով նրանից ճշտել քրոջ տան հասցեն, ինչից հետո բաժանվել են: Քույրը՝ Ս. Ղազարյանը, այդ օրը տանը չի եղել:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հ.Ղազարյանի մահվան հանգամանքները։