Աբովյանից ոստիկանության բաժին տարված 2 մեքենաներից մեկը «Պրադո» է, մյուսը՝ «Յաշիկ» («Մերսեդես Գելենդեվագեն» ամենագնաց):  Մեր տեղեկություններով՝ «Պրադոն» հենց Աբովյանում քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Պալաչինն է՝ Արթուր Հարությունյանինը, «Յաշիկը»՝ նրա եղբորինը:

Երբ ոստիկանները կանգնեցրել են այս մեքենաները, Արթուր Հարությունյանը եւս եղել է իր մեքենայում, սակայն իրեն իջեցրել են, մնացած 3-ին տարել: Հարցին, թե ինչպես եք մեկնաբանում ոստիկանության հայտարարությունը, որ ձեր թիմակիցներին բերման են ենթարկել թմրանյութ  օգտագործելու կասկածանքով, Արթուր Հարությունյանն ասաց հետեւյալը. «Ես իմ մեքենայում նույնիսկ ծխախոտ չեմ ծխում, ի՞նչ թմրանյութի մասին է խոսքը: Ի՞նչ եք կարծում, եթե այդ մեքենայում թմրամիջոց օգտագործեն, հոտից պետք է խեղդվեն, պատուհանները հենց փակեն, հոտը  կգա, բայց նման բան չկա: Իհարկե, չեմ զարմանա, որ հիմա էլ հայտարարեն, թե թմրանյութ են գտել»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության փոխանցմամբ՝  Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված, ՀՀԿ-ից հեռացված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով

Հիշեցնենք. որ Աբովյանի քաղաքապետարանի ընտրություններին առաջադրված 6 թեկնածուներից 4-ի անունը ուղղակի կամ անուղղակի կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Ամենասկզբից առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Ըստ շրջանառվող ռեղեկությունների՝ Արթուր Գեղամի Հարությունյանին Ծառուկյանը առաջադրել է, որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ Պալաչին՝ նորից Արթուր Գեղամի Հարությունյանի փոխարեն նրա օգտին քվեարկեն: Ծառուկյանի հիմանակ հակաակորդը նույն Պալաչն է՝ «Քինգ դելյուքսի» սեփականատերը: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: