Այս տարվա հունիսին Հայաստանի ապահովագրական շուկան նկատելիորեն աշխուժացել է՝ 2010 թ. առաջին ամիսների որոշ ետընթացից հետո։ Այդ մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տեղեկությունները։ Ըստ այդմ՝ հունիսին ապահովագրավճարների համախառն մեծությունն աճել է 1,5 մլրդ դրամով (մոտ 3,9 մլն դոլար) եւ կազմել 4,8 մլրդ դրամ (մոտ 12,5 մլն դոլար):
Բավական ակտիվացել է վերապահովագրական շուկան՝ 1 ամսում վերապահովագրությանն ուղղվող գումարներն աճել են կրկնակի եւ հասել 2,4 մլրդ դրամի (մոտ 6,2 մլն դոլար): Փաստորեն՝ ապահովագրական ընկերությունները վերապահովագրում են ապահովագրավճարների առնվազն կեսը՝ նախկին մեկ երրորդի համեմատ։
Հունիսին աճել է նաեւ ապահովագրական հատուցումների համախառն մեծությունը եւ կազմել 782 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար): Ապահովագրական հատուցումների մեկ երրորդը բաժին է ընկել վերապահովագրողներին։
Նշենք, որ Հայաստանում գործում են 12 ապահովագրական ընկերություններ եւ 5 ապահովագրական միջնորդներ։ 2009 թ. ֆինանսական տարվա արդյունքներով ապահովագրական ընկերություններից 5-ը հայտարարագրել են վնասներ։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակման համաձայն՝ «Ալֆա ինշուրանսի» վնասը կազմել է 546 մլն դրամ (մոտ 1,5 մլն դոլար), «Ռոսգոսստրախ Արմենիայինը»՝ 228 մլն դրամ (600 հազ. դոլար): Տարին վնասով են փակել նաեւ «Ռեսոն», «Այ Էս Ջի»-ն եւ «Կասկադ ինշուրանսը»:




























