Ոստիկանության Չարենցավանի բաժնում Չարենցավանի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ նոր մանրամասներ առայժմ հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նշենք, որ հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մահացել էր դպրոցի սան 10-ամյա Դերենիկ Գասպարյանը: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել մոտ 50 օր ուշացումով՝ հուլիսի 21-ին, սակայն ոչ թե մահվան, այլ ծեծկռտուքի փաստով։ Հարցին, թե ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել ոչ թե մահվան, այլ՝ ծեծկռտուքի փաստով, Արմեն Մալխասյանը բավարարվեց ընդամենը պատասխանելով. «Ընթանում է նախաքննություն: Երբ լրացուցիչ բան լինի՝ կասենք: Առայժմ՝ այսքանը»:
Մահացած փոքրիկի հարազատները պնդում են, որ հունիսի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել մաթեմատիկայի քննության կոնսուլտացիայի կանչված աշակերտների միջեւ այն ընթացքում, երբ մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանը, ով նաեւ դպրոցի տնօրեն Պապ Շահնազարյանի կինն է, դասարանում չի եղել։ Երկու համադասարանցի տղաներ՝ Իշխան եւ Վրեժ անունով եղբայրները ծեծի են ենթարկել Դերենիկին, ով քունքին ստացած հարվածից մահացել է։ Երեխայի հարազատները դժգոհում են, որ քրեական գործը հարուցվել է այդքան մեծ ուշացումով, եւ այն էլ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»:
Չարենցավանի ոստիկանության քննիչ Հարություն Մկրտչյանը հայտնել է, որ փաստի առթիվ գործը հարուցվել է դատաբժշկական քննության եզրակացության վրա, գործի հանգամանքները առայժմ չեն պարզվել եւ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Դերենիկի հարազատները, սակայն, պնդում են, որ դատաբժշկական փորձաքննությունը կեղծված է, որում նշված է, թե փոքրիկի մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը: Ծնողները պնդում են նաեւ, որ երեխան ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, ինչի մասին է վկայում նրա բժշկական քարտը։




























