Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում առանցքային դեր են խաղում եւ դեր են խաղալու Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն ու կիպրական խնդիրը:  Այս մասին օգոստոսի 4-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը:

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը կշարունակվի, եւ սահմանը կբացվի, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից, եւ Հայաստանն այսպիսով դուրս կգա բարդ իրավիճակից: Ինչ վերաբերում է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ մեկնարկած՝ ԵՄ-ին ասոցացված անդամության գործընթացին, ապա, դեսպանի խոսքով, այդ ճանապարհին հարավկովկասյան երկրները պետք է լուրջ քայլեր կատարեն, իրականացնեն համակարգային բարեփոխումներ  գործնականում գրեթե բոլոր ոլորտներում: Արդյունքում, ինչպես նշեց դիվանագետը, այդ ծրագիրը Հարավային Կովկասի երկրներին կբերի բոնուսներ, օրինակ՝ Հարավային Կովկասի երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցումը:

Բնական է, որ դրա համար հարավկովկասյան երկրները պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրեն: «Այժմ Գերմանիայի դեսպանատունը առավելագույնս հեշտացնում է Հայաստանի քաղաքացիների վիզա ստանալը»,- հայտարարեց դեսպանը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ասոցացված անդամությանը հաջորդի Հայաստանի անդամակցումը ԵՄ-ին, դեսպանն արձագանքեց. «Տեսականորեն դա, իհարկե, հնարավոր է, հատկապես, որ ասոցացված անդամությունը ենթադրում է նման հեռանկար, սակայն դա ծանր բեռ կլիներ ԵՄ-ի համար՝ ինստիտուցիոնալ առումով: Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն մշակում է տարատեսակ ծրագրեր իր գործընկերների հետ համագործակցության նպատակով, որոնց թվում է նաեւ ասոցացված անդամությունը»: