Վրաստանում թափ է հավաքում երկրի նախագահ Սահակաշվիլիի հանդեպ իմպիչմենտի գործընթաց սկսելու շարժումը: Այս մասին հայտարարել է «Սպիտակներ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին` «Ի համերաշխություն անօրինական բանտարկյալների» շարժման առաջնորդ Էկա Բեսելիայի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման մասնակիցները պաշտպանել են Վրաստանի ակադեմիայի եւ Հանրային սահմանադրական հանձնաժողովի հետ արդեն համաձայնեցրած դիրքորոշումը, ըստ որի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի  սկզբին իմպիչմենտի հարցով պետք է կոնֆերանս անցկացվի: Կոնֆերանսին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, իմպիչմենտի գաղափարը պաշտպանող քաղաքական ուժեր: Ընդգծվել է, որ այդ կոնֆերանսը վարելու են Եվրոպայում հայտնի վրացական իրավունքի մասնագետներ:

            Հանդիպմանը հատուկ նշվել է, որ երկրում խորը համակարգային ճգնաժամ է, ավելի ծանր, քան կարելի է պատկերացնել: Հենց այդ պատճառով էլ քաղաքական ուժերի, բոլոր մտածող մարդկանց մոտեցումը պետք է լինի խելամիտ եւ համակարգային, այլ ոչ զգացմունքային, ինչպես եղել է մինչ այժմ: «Այդ հանդիպումները եւս մեկ անգամ ինձ համոզեցին, որ երկրում ստեղծված վիճակը ոչ միայն պարտավորեցնում, այլեւ պարտադրում է մեզ միավորվել երկիրը փրկելու գաղափարի շուրջ, կործանարար «ես»-ից անցնել ստեղծարար «մենք»-ի: Նա, ով հայտարարում է «ես», երկրի համար ոչինչ անել չի կարող, իսկ Սահակաշվիլիի ռեժիմի ամրապնդման համար կարող է շատ բան անել: Միայն «մենք» կարող ենք հաղթել, քանի որ «մենք»-ը դա ողջ Վրաստանն է, իսկ «ես»-ը` միայն Սահակաշվիլին»,- ասել է Թեմուր Շաշիաշվիլին: