Երգչուհի Լիանան շատ ուրախ է, որ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանն առաջին տեղն է գրավել։ Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հենց ինքը՝ երգչուհին։

«Ես կարծում եմ, որ դա Սոնայի աշխատանքն է, որը փառք Աստծո, գնահատվեց։ «Նոր ալիքը»  շատ բարդ մրցույթ է՝  այն առումով, որ միշտ ծրագրված է, թե ով որ տեղն է զբաղեցնելու։ Վստահ եմ, որ ժյուրիին անսահման դուր  է եկել Սոնայի կատարումը, որ նրան առաջին մրցանակն են տվել»,-ասաց երգչուհին։

Միաժամանակ, նա նշեց, որ շատ հաճախ երգի միջազգային տարբեր մրցույթներում լավագույն տեղ զբաղեցրած հայ երգիչները հայրենիքում չեն գնահատվում։

«Շատ հաճախ գնում ենք երգի մրցույթների` ժյուրիի կազմում ոչ մեկին չունենալով, ոչ գումարներ ունենք, որ գնանք, ոչ հովանավորներ։ Մեր հնարավորությունների չափով ինչ-որ զգեստերն ենք  կարում, գնում ենք եւ մեզ շատ հավանում են, սիրում, առաջին մրցանակ են տալիս կամ գրան պրի, գալիս ենք Երեւան ու ոչ մի բան»,-ասաց Լիանան՝ պատմելով մի դեպք.

«Երգիչ Պանայոտովն ինձ հետ Բուլղարիայում միջազգային մրցույթի էր մասնակցում, երբ ես ստացա մրցույթի գրան պրին, նրա պրոդյուսերն ինձ ասաց. «Քեզ պե՞տք էր այդ գրան պրին», իսկ ես պատասխանեցի, որ  երկիր եմ ներկայացնում, ինչպե՞ս պետք չի, բա հպարտ չմտնե՞մ իմ Հայաստան, օդանավակայանից իջնեմ ու լավ զգամ եւ ասեմ, որ ես հայ եմ ու մրցանակ եմ բերել, սակայն պրոդյուսերն այդ ժամանակ նշեց.  «Եթե մենք առնեինք գրան պրին,  մեզ Ուկրաինայում բնակարան կտային», իսկ մենք եկանք այստեղ՝ ոչ մի բանի չարժանացանք»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ Հայաստանում նրան նույնիսկ «Կռունկ» մրցանակ չեն տվել։