Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲՀԿ-ի վերագործարկված կայքից:

Փորձեցինք Նապոլեոն Ազիզյանից ճշտել, թե ինչն է  մտափոխվելու պատճառը: Նա նշեց, որ Ծառուկյանի հրաժարականից հետո ինքը եւս դիմում գրել էր կուսակցությունից դուրս գալու, սակայն ԲՀԿ քաղխորհրդի անդամ, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ասել էր, որ պետք է մնան, միասին աշխատեն եւ իրականացնեն ԲՀԿ-ի ծրագրերը:

«Երբ Ծառուկյանը եկավ, ասաց՝ հեռանում եմ, դիմում գրեցի, ներկայացրի, Աբրահամ Մանուկյանը վերցրեց, պահեց դիմումս, թե պիտի մնաս, իրար հետ աշխատում ենք, ծրագրեր ունենք իրականացնելու: Ես էլ հանգեցի պարոն Մանուկյանի կարծիքին եւ մնացի: Մենք վաղուց մտերիմներ ենք, ասաց՝ պիտի մնաս, ԲՀԿ-ի ծրագրերը մինչեւ վերջ տանք»,- ասաց նախկին պատգամավորը:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքում հրապարակված քաղխորհրդի կազմը անուն առ անուն ճշտված է: Նա նաեւ նշեց, որ կայքի վերագործարկման որոշակի ուշացումը պայմանավորված է նրանով, որ մի քանի քաղխորհդրի անդամները ՀՀ-ում չէին եւ մինչեւ բոլորի հետ չճշտեցին, չթողարկեցին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժ-արվելուց հետո եւ առաջ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել բազմաթիվ պատգամավորներ, քաղաքապետներ եւ գյուղապետեր: Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանը, եւս ԲՀկ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: