Ապրիլը նշանավորվեց Հայաստանի տնտեսության համար հերթական անախորժությամբ: Երկրի պետբյուջեի հարկային եկամուտներն այդ ամսվա ընթացքում կրճատվել են գրեթե 3.5 մլրդ դրամով կամ 3.7%-ով: Անկման հիմնական «մեղավորը» բյուջեի եկամուտների կարեւորագույն աղբյուր հանդիսացող Ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ):

Տարեկան կտրվածքով վճարված ԱԱՀ-ի գումարն առաջին անգամ կրճատվեց մարտին՝ 3.6 մլրդ դրամով: Մինչ այդ, այդ հարկատեսակի դինամիկան դրական բնույթ էր կրում: Հայտնի է, որ անցյալ տարի պետբյուջեի խնդիրները հիմնականում կապված էին շահութահարկի եւ ակցիզային հարկի հետ:

Ընթացիկ տարում այդ «առաքելությունը» ստանձնել է ԱԱՀ-ն: Ապրիլին այդ հարկատեսակից ստացված գումարը կրճատվել է ավելի քան մեկ տասներորդով (11.2%-ով): Նշենք, որ ԱԱՀ-ի գծով անկումը նպաստել է պետբյուջեի հարկային եկամուտների տեմպի համեմատական՝ 4%-ով դանդաղելուն: Հասկանալի է, որ հարկերի հավաքագրումն արտացոլում է մեր տնտեսության վիճակը, որը շատ բանով կախված է Ռուսաստանի հետ արտաքին առեւտրից եւ այդ երկրից դրամական փոխանցումների հոսքից:

Նկատենք, որ հիմնականում Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակների արտադրությունը կրճատվել է: Օրինակ՝ կոնյակի արտադրությունը (որի 80%-ն արտահանվում է Ռուսաստան) կրճատվել է 29.2%-ով: Հայտնի է, որ կոնյակն արտահանման ծավալներով ապրանքների առաջին եռյակում է:

Բացառություն են կազմել երրորդ երկրներ արտահանվող առաջատար ապրանքները: Այսպես, «մետաղական հանքերի արդյունահանման» ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է գրեթե մեկ երրորդով (31.5%-ով), իսկ արտահանումը՝ 25.7%-ով: Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն հարկատուներից է հայրենական արդյունաբերության «լոկոմոտիվը»՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Իհարկե, Ռուսաստանի տնտեսական իրավիճակից տուժել է ոչ միայն մեր երկիրը: Եվրասիական տնտեսական միության մեկ այլ անդամ Բելառուսը հսկայական վնաս է կրել: Օրերս Բելառուսի նախագահը հայտարարեց, որ «ռուսական շուկաների կործանման, պատժամիջոցների, էմբարգոյի պատճառով բելառուսական տնտեսությունը գրեթե 3 մլրդ դոլարի կորուստ է ունեցել»: