NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Strategic Europe»-ի գլխավոր խմբագիր, Քարնեգիի Եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջուդի Ջեմփսիի՝ այդ կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:
Եթե Եվրամիության առաջնորդները երբեւէ հնարավորություն են ունեցել համարձակություն ցուցաբերել եւ ռիսկի դիմել, ապա դա մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ էր: Լատվիայի մայրաքաղաքում 28 առաջնորդները հնարավորություն ունեին Արեւելյան Եվրոպային դիմել այնպես, որպեսզի հանգստացնեն այնտեղ բնակվող մարդկանց՝ վստահեցնելով, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանը կայունության եւ ժողովրդավարության տարածք դարձնելուն:
Փոխարենը ԵՄ-ն վախկոտություն ցուցաբերեց «Արեւելյան գործընկերության» երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային նոր մակարդակի բերելու հարցում: ԵՄ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի ցանկանում, կարծես դա Մոսկվային հետ է պահելու Ուկրաինայում եւ ընդհանրապես Արեւելյան Եվրոպայում հետագա միջամտությունից:
ԵՄ երկրների կառավարությունները բարձր գին կվճարեն նրա համար, որ վախով էին նայում Ռուսաստանին, չնայած եվրոպացի դիվանագետները վստահեցնում են, որ Ռիգայում հնարավորինս հեռու գնացին, որպեսզի հանգստացնեն Միության արեւելյան հարեւաններին: Իրականում նրանք հնարավորինս հեռու գնացին, որպես Ռուսաստանին հանգստացնեն այն հարցում, որ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ ԵՄ-ի հարաբերությունները չեն հասցվի տրամաբանական եզրագծի:
Կարճ ասած՝ Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես՝ Եվրոպայում, ամբողջությամբ քանդեցին անվտանգության եվրոպական ճարտարապետությունը, որը կառուցված էր փոխադարձ վստահության վրա: Եթե ԵՄ առաջնորդները կարծում են, որ վստահությունը կարող է վերականգնվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է միջամտել Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի գործերին, ապա դա ե՛ւ մոլորություն է, ե՛ւ կեղծավորություն:
Այդ պատճառով ԵՄ առաջնորդները Ռիգայում պետք է մի կողմ թողնեին զգուշավորությունն ու Ռուսաստանի կողմից վախեցնելու քաղաքականությունը: Դրա փոխարեն նրանք պետք է «Արեւելյան գործընկերության» երկրներին առաջարկեին այն, ինչը դարձել է հանրություն կազմավորելու հարցում ԵՄ-ի կարեւորագույն ռազմավարական գործիքներից մեկը, այն է՝ անդամակցություն:
Հանուն արդարության նշենք, որ Բրյուսելի կողմից Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ քաղաքական եւ տնտեսական ասոցացման մասին եւ առեւտրային համաձայնագրերի ստորագրումը մեծ նշանակություն ունի: Եվ բազմաթիվ կապեր, որոնք ԵՄ-ն փորձում է կառուցել Արեւելյան Եվրոպայի հետ, թղթի վրա տպավորություն է գործում: Սակայն ԵՄ-ի արեւելյան հարեւաններն ավելի հիմնավոր բանի կարիք ունեն: Նրանք պետք է իմանան, որ կարող են Եվրոպայի մաս կազմել:





























