Հայաստանն ընդգրկվել է ԱՊՀ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները ցանկանում են ժամանակավոր աշխատանք գտնել արտերկրում (44 տոկոս): Ընդ որում, մշտական արտագաղթելու ցանկություն են հայտնել հետազոտությանը մասնակցած քաղաքացիների 39 տոկոսը:
Ինչպես վկայում են Gallup ծառայության անցկացրած հարցման տվյալները, ԱՊՀ երկրների բնակիչների 24 տոկոսը կցանկանար աշխատանքի մեկնել արտերկիր, իսկ 13 տոկոսը` մշտական բնակության:
Վրաստանի սահմաններից դուրս աշխատելու ցանկություն ունեն հարցվածների 34 տոկոսը, իսկ երկիրը լքելու՝ ցանկություն 14 տոկոսը: Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 24 եւ 12 տոկոս: Ռուսաստանում աշխատանք փնտրողների թիվը 22 տոկոս է, հեռանալ ցանկացողներինը՝ 11:
Արտերկրում բնակվող ազգականներից եւ մտերիմներից օգնություն է ստանում հայաստանյան ընտանիքների 13 տոկոսը, Վրաստանի՝ 9, եւ Ուզբեկստանի՝ 7 տոկոսը: Ադրբեջանում եւ Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 6 տոկոս, Բելառուսում՝ 5, Ուկրաինայում՝ 4 տոկոս:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հարցմանը մասնակցել է ավելի քան 13,2 հազար մարդ: Ամեն երկրում հարցվել են հազարից ավելի քաղաքացիներ:




























