Օգոստոսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում քննարկվել է տարբեր երկրներում ամերիկյան դեսպանների հաստատման հարցը: Այս մասին բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Քրոուլին նշել է, որ ԱՄՆ-ն անշուշտ շահագրգռված է դեսպանների արագ նշանակման հարցում: Նրա խոսքով, Քլինթոնն իր մտահոգությունն է հայտնել Քերրիին` Սիրիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանների շուտափույթ նշանակման վերաբերյալ, որոնց հաստատումը պետք է կայանա մոտ օրերս:
Երբ լրագրողները Քերրիին հիշեցրել են, որ հաստատված չէ նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը, նա արձագանքել է. «Ես իհարկե չեմ ցանկացել ասել, թե որոշ թեկնածուներ մյուսներից ավելի շուտ պետք է անցնեն աշխատանքի»: Նրա խոսքով, Հիլարի Քլինթոնը հիշատակել է այդ երկու երկրներում դեսպանի թեկնածուների անունները, քանի որ նրանց վերաբերյալ որոշումն ընդունվելու է առաջիկա օրերին:




























