ՀՀ կառավարությունն իր օգոստոսի 5-ի նիստում հաստատել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը։ Ըստ այդմ՝ այլեւս փոխպատվաստում չի համարվում այն օրգանների տեղադրումը, որի դեպքում տվյալ օրգանում արյան շրջանառություն չի կատարվում։ Բացի այդ՝ արհեստական եւ կենդանիներից վերցրած օրգանների կամ հյուսվածքների օգտագործումը (տեղադրումը) բժշկագիտության մեջ համարվում է ոչ թե փոխպատվաստում, այլ իմպլանտացիա, ինչը գործնականում սկզբունքորեն այլ բժշկական միջամտություն է, հետեւաբար՝ չի կարող կարգավորվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքով:
Իմպլանտացիան արհեստական եւ կենդանիներից վերցված օրգանի կամ հյուսվածքի (մետաղական կամ սինթետիկ նյութերից պատրաստված օրգաններ, պրոթեզներ, սրտի փականներ, անոթներ, արհեստական ոսպնյակներ, ատամներ և այլն) ներպատվաստումն է մարդու օրգանիզմում:
Հայաստանում այսօր իմպլանտացիոն բնույթի բազմաթիվ վիրահատություններ են տեղի ունենում։ Իսկ օրգանների փոխպատվաստումից առայժմ կիրառվում է միայն երիկամների փոխպատվաստումը՝ տարեկան մոտ 20 անգամ։ Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը բացառել է, որ Հայաստանում առկա է մարդկային օրգանների սեւ շուկա՝ համարելով դրանք «անհիմն խոսակցություններ»: Ըստ Դարբինյանի՝ օրգան վերցնելը շատ ավելի բարդ եւ դժվար է, քան դրա պատվաստումը։




























