Հունիսի 5-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են դիմել Վահան գյուղի 10 բնակիչներ:
Հունիսի 6-ին, ժամը 03.30-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության է դիմել նույն գյուղի ևս 6 բնակիչ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ հայտնում են, թե Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտանբերված թութը ուղարկել լաբորատոր փորձաքննության:
Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում:





























