ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը 2011 թվականի մայիսի 23-ին հարուցել է կատարողական վարույթ եւ նույն օրը որոշում է կայացրել պարտապան՝ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնուհետեւ ավագ հարկադիր կատարողը կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել: Դրանից շուրջ 5 ամիս անց Ա. Մակյանը, առանց կատարողական վարույթը վերսկսելու եւ խախտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1 հոդվածի 1-ին մասով եւ 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ գույքն արգելանքից հանելու հատուկ պայմանների առկայության պահանջը, կայացրել է պարտապան ՍՊ ընկերության գույքի վրա դատարանի որոշման եւ կատարողական թերթի հիման վրա դրված արգելանքը վերացնելու մասին անօրինական որոշում, որի հետեւանքով փաստացի վերացվել է դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցն ու հնարավոր է դարձել ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի օտարումը:
Ավագ հարկադիր կատարողի հիշյալ որոշումից մեկ ամիս անց առուվաճառքի պայմանագրով ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքն օտարվել է երրորդ անձի, որի հետեւանքով գործով հայցվորը զրկվել է հայցի ապահովման միջոցի հաշվին իր պահանջի բավարարումը ստանալու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Ա. Մակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Արմեն Մակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականցնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























