Ալավերդիում, չնայած լարվածությանը, ընտրությունները նորմալ կազմակերպված էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նա նշեց, որ ոչ միայն այցելել է ընտրատեղամասեր, այլեւ ընտրել է՝ որպես ընտրող: «Ընտրությունները անցել են ազատ, արդար ու թափանցիկ, շատ բարձր մակարդակով, դա է վկայում կողմերի վստահված անձանց եւ դիտորդների որեւէ խախտման դեպք չարձանագրելը: Այս առումով չնայած մի փոքր լարվածությանը, նորմալ ընտրությունները կաղմակերպված է»,-ասաց մարզպետը:

Նա նշեց, որ ընտրված Կարեն Փարեմուզյանը իրենց թեկնածուն է, անկուսակցական թեկնածուին սատարել է նաեւ ՀՀԿ-ն: Արթուր Նալբանդյանի խոսքով՝  Կարեն Փարեմուզյանը շատ համոզիչ, փայլուն հաղթանակ տարավ:

Նշենք, որ Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Փարեմուզյանը, ում սատարում է Լոռու մարզպետը, Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Ալավերդիում 16 473 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 970 հոգի, անվավեր քվեաթերթիկները 274 էին: Կարեն Փարեմուզյանը ստացել է 5141 ձայն, իսկ մրցակից թեկնածուն՝ Արթուր Աբգարյանը, ստացել է 3554 ձայն: