Այս պահին ես ավելի շատ նախընտրում եմ հասարակական գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր դառնալու լուրերին:

Նա նշեց, որ հանգիստ է վերաբերում իր մասին ցանկացած տեղեկատվության, անգամ եթե դա չի համապատասխանում իրականությանը:

«Ինչ վերաբերում է նրան,  թե ես կարող եմ հաջորդ գումարմանը դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր, նշեմ, որ այս պահին ես ավելի շատ նախընտրում եմ հասարակական գործունեությունը: Իմ գործունեության ընտրության մեջ ես անկախ եմ և չեմ ակնկալում և սպասում հովանավորչության: Ինչ վերաբերում է նրան, որ հորեղբայրս իրեն շրջապատում է «հարազատ մարդկանցով» նախ ուզում եմ հասկանալ, թե ինչ է ենթադրվում այդ «հարազատ մարդկանց  թիմ» բառակապակցության տակ: Հորեղբայրս երբեք անհրաժեշտություն չի ունեցել հարազատներին հավաքել իր շուրջ, քանի որ նրանք միշտ եղել են, կան ու կլինեն իր կողքին: Ինչպես ցանկանում եք դա անվանեք՝ «թիմ» կամ որևիցե այլ կերպ: Հետհայացք նետելով դուք կտեսնեք, որ  Ռոբերտ Քոչարյանի  12 տարվա կառավարման ընթացքում ոչ մի ազգական ոչ մի պաշտոնի  չի նշանակվել: Իսկ ինչ վերաբերում է ձեր ենթատեքստով «թիմ» ասածին,  ժամանակն ամեն ինչ  դնում է իր տեղը: Եթե առաջանա սուր սոցիալական պահանջ երկրի ներկայիս հասարակական-քաղաքական միջավայրի պայմաններում, հսկայական թվի հասնող համախոհները և հետևորդները ինքնակամ կհամախմբվեն այն առաջնորդի շուրջ,  անկախ նրա ազգանունից, ում հետ նրանք կկապեն իրենց երկրի  կոնստրուկտիվ զարգացման և ժողովրդի՝ ավելի լավ ապագա ունենալու հետ կապված հույսերը»,-ասաց Իրինա Քոչարյանը:

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել էր, որ թեեւ խորհրդարանական նոր ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն ամենայն հավանականությամբ քոչարյանական թիմը փորձելու է ակտիվ գործունեություն ծավալել սեփական թիմի հենասյունը կառուցելով մերձավոր բարեկամների ներուժի վրա: «ՉԻ» տեղեկություններով ապագա խորհրդարանի պատգամավորի պրոտեժեներից է համարվում Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, որն այժմ Երևանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է: Նրա կրթության մասին վկայացրերը փաստում են, որ նա արտերկրի հեղինակավոր բուհերում լավ կրթություն է ստացել, չնայած ավագանու նիստերի ժամանակ երբևէ որևէ հարցի մասին չի բարձրաձայնել: Անդրադառնալով վերջինիս պատգամավոր դառնալու հեռանկարին, նշենք, որ Քոչարյանի բոլոր քայլերը տանում են նրան, որ հույսը դնի միայն հարազատների վրա, քանի որ փորձը ցույց տվեց, որ շատերը նրա համախոհներից ճամբարափոխ եղան և ի չիք դարձրին կրկին վերարտադրվելու նրա բոլոր ճիգերը: