ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն օրերս մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի նստաշրջանին:

ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը միջազգային առեւտրի ոլորտում ՄԱԿ-ի հիմնական իրավական մարմինն է: Այն արդեն 40 տարուց ավելի մասնագիտացած է ամբողջ աշխարհում առեւտրային  իրավունքի ոլորտում բարեփոխումների անցկացման մեջ, զբաղվում է միջազգային առեւտրային գործունեության նորմերի արդիականացման եւ համաձայնեցման աշխատանքներով, մշակում է ժամանակակից, արդար եւ համաձայնեցված կանոններ առեւտրային գործարքների համար:

ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքներն իրականացվում են ամենամյա նիստերով, որոնք անցկացվում են Նյու Յորքում եւ Վիեննայում: Բացի անդամ-պետություններից՝ Հանձնաժողովի անդամ չհանդիսացող պետությունները եւ շահագրգիռ միջազգային կազմակերպությունները հրավիրվում են Հանձնաժողովի եւ դրա աշխատանքային խմբերի նիստերին՝ որպես դիտորդ: Հանձնաժողովը բաղկացած է վեց աշխատանքային խմբից՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ իրականացելու համար: Հանձնաժողովի բոլոր անդամ-պետություններն ընդգրկված են յուրաքանչյուր աշխատանքային խմբի կազմում:

Մայիսի 26-ին մեկնարկած Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի նստաշրջանին Հայաստանից բացի մասնակցել են նաեւ մոտ 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում նաեւ՝ Ավստրալիայի, Ավստրիայի, Ալժիրի, Արգենտինայի, Բելառուսի եւ այլ պետությունների ներկայացուցիչներ:  

Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խումբն իր քառասունյոթերորդ նստաշրջանի ընթացքում  շարունակել է իրավաբանական անձանց անդրազգային խմբերի միջսահմանային անվճարունակության դեպքերի վերաբերյալ իր աշխատանքները՝ անվճարունակությանը նախորդող ժամանակահատվածում իրավաբանական անձանց անդրազգային խմբերի ընկերությունների տնօրենների պարտավորությունների հետ կապված հարցերին անդրադառնալու նպատակով:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են իրավաբանական անձանց խմբերի նկատմամբ Օրենսդրական ուղեցույցի չորրորդ մասի կիրառումը:

Հայաստանի Հանրապետությանում այս ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով ներպետական իրավական համակարգի առանձնահատկությունները եւ իրավական տեխնիկայի կանոնները, կատարում է համապատասխան փոփոխություններ սնանկության ոլորտի իրավական բարելավման ուղղությունների հայեցակարգում:

ՀՀ կառավարության կողմից հաստատված հայեցակարգին համապատասխան՝ մշակվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում եւ առնչվող այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նստաշրջանին մասնակցությունը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետությանն ընդգրկված լինելու ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի անվճարունակության մասին օրենսդրություն բարեփոխումների վերանայման գործընթացին, հաշվի առնել միջազգային փորձը տվյալ ոլորտում եւ, այդպիսով, Հայաստանի Հանրապետությունում նախադրյալներ ստեղծել ոլորտի զարգացման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամ է ընտրվել 2012 թ-ի նոյեմբերին: