Գազաբալոնների հետ կապված Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը որեւէ գործառույթ չի իրականացնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այս գործառույթն իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը, հավաստագիր տրամադրում է հենց այդ նախարարությունը։
«Օրենքով գազաբալոնը տեղադրում է հավատարմագրված կազմակերպությունը եւ տալիս հավատարմագիր, իսկ գազալցակայանի աշխատակիցն առանց այդ հավատարմագրի չպետք է լիցքավորի գազաբալոնը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրում է հավաստագիր, որ այդ մարդը կարող է գազաբալոն տեղադրել»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը։
Մասնագետի պնդմամբ՝ այս տարվա ընթացքում տեղի ունեցած չորս դեպքերից երեքի ժամանակ գազաբալոններն են խնդիր ունեցել, որի հետ թերեւս ՏԿԱԻՆ-ը որեւէ կապ չունի։
«Հիմնականում պայթում են այն մեքենաների վրա տեղադրված գազաբալոնները, որոնք խորհրդային արտադրության են եւ արդեն դեն նետելու ժամանակն է։ Եղել են դեպքեր, երբ տեղադրվել են այնպիսի գազաբալոններ, որոնք նախատեսված չեն նմանատիպ գազի համար։ Իսկ ՏԿԱԻՆ-ը գազալցակայաններն է վերահսկում»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պայթյունները գազալցակայաններում։




























