Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս մայիսի 15-ին էր արգելել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայանի շահագործումը, որտեղ մայիսի 25-ին մեքենա էր պայթել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
«Մայիսին տեղի ունեցած պայթյուններից միայն Զվարթնոց գյուղի դեպքն էր, որ գազալցակայանի թերությունն է եղել։ Մենք այդ գազալցակայանին դեռեւս մայիսի տասհինգին ենք տուգանել մեկ մլն դրամով տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու համար եւ արգելել շահագործումը, սակայն նրանք շարունակել էին շահագործել, եւ այդ դժբախտությունը տեղի ունեցավ»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վիրավորվել են ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը, որդին եւ գազալցակայանի աշխատողը: Վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ օրեր անց նախկին պատգամավորի եղբայրը մահացել էր։





























