ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի սկզբին ներկա է  գտնվել նաեւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ օգոստոսի 2-13-ը Երեւանում անցկացվելու են Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որին, ըստ Ի. Զաքարյանի. մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ: Այդ կապակցությամբ Իշխան Զաքարյանն ակնկալել է ռեկտորների աջակցությունը` խաղերի կազմակերպման ընթացքում ուսանող-կամավորների ներգրավման, ինչպես նաեւ մի շարք բուհերի մարզադահլիճների տրամադրման հարցում: 

Նիստի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է մի շարք հարցերի,  մասնավորապես, բուհերում ավարտական եւ փոխադրական, ինչպես նաեւ ներբուհական եւ ասպիրանտական քննությունների անցկացմանը` բուհերի ռեկտորներից պահանջելով բացառել կոռուպցիոն ռիսկերի եւ ուսանողների նկատմամբ անարդարության դրսեւորման ցանկացած դեպք` ապահովելով անաչառ եւ օբյեկտիվ քննական գործընթաց:

Նախարարը ռեկտորներին տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարվա բուհական ընդունելության քննություններն անցկացվելու են ըստ նոր մասնագիտությունների ցանկի` ելնելով եվրոպական կրթական ընդհանուր ստանդարտների միտումներից` կոչ անելով բուհերին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր, խոշորացված մասնագիտությունների ցանկը:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացին` ընդգծելով, որ 2018 թվականից պետպատվերով տեղերը բաշխվելու են ըստ հավատարմագրման ցուցանիշի` կոչ անելով հավատարմագրում չանցած բոլոր բուհերին արագացնել վերոնշյալ գործընթացը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բանակից զորացրված ուսանողների, բուհերի ֆինանսական կայունության, դրամաշնորհային ծրագրերում բուհերի ներգրավման եւ մի շարք այլ հարցերի:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am