ՀՀ գլխավոր դատախազության՝ ռուսական կողմի հետ գրագության մասին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները տեղյակ չեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանների փաստաբաններից Լուսինե Սահակյանն ասաց, որ որեւէ տեղեկատվություն չունեն:

Ինչ նշանակում է գործով նշանակված մյուս փորձաքննություններին, փաստաբանից տեղեկացանք, որ առայժմ դրանց եզրակացությունները չկան:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: