Կառավարության մոտ այսօր՝ հունիսի 9-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները կհանդիպեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ չեն հավատում, որ հուլիսի 15-ին իրենց աշխատավարձերի պարտքերը կմարվեն: Այս մասին Կառավարության մոտ հայտարարեց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Ժամը 14:00-ին «Նաիրիտի» համակարգող խումբը կհանդիպի վարչապետի հետ, որպեսզի քննարկեն աշխատավարձերի մարման եւ գործարանի վերագործարկման հարցերը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
.jpg)




























