Հեռանալու որոշումը կայացնում է հոգաբարձուների խորհուրդը, ոչ թե նախարարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար, ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմած Հովհաննես Թոքմաջյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլեւ արժանապատիվ հեռանալ:
Նա շեշտեց, որ հեռանալու մասին կարելի է խոսել ընտրությունների արդյունքներից հետո: «Աշոտյանի ձայնն ընդամենը մեկն է 32-ի մեջ է, ինչպես կքվեարկի հոգաբարձուների խորհուրդը, դրանից հետո պարզ կդառնա արժանապատիվ հեռանալու հարցը: Հեռանալու որոշումը կայացնում է հոգաբարձուների խորհուրդը, ոչ թե նախարարը»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով «Պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի վերջին ասուլիսին հնչած գնահատականներին, ասել է, թե չի կարծում, որ իրեն կարելի է պատասխանել նման տեսանյութերով, որովհետեւ պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլ արժանապատիվ հեռանալ, պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները եւ խնդիրները:
Նշենք, որ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար դիմել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ներկա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 8-ին էր, մրցույթը կկայանա հունիսի 20-ին:





























