Պատիժը պայմանականորեն չկիրառելու պատճառով փորձաշրջանի մեջ գտնվեղ անչափահաս դատապարտյալները զղջում են իրենց կատարածի համար եւ վստահեցնում, որ այլեւս նման քայլի չեն դիմի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 17-ամյա Մ.Կ.-ն պատմեց, որ դատապարտվել է իր ծանոթի տնից ոսկի գողանալու համար:

«Անհամբեր սպասում եմ, որ մեկ տարվա փորձաշրջանն անցնի եւ մեկնեմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվելու: Գողություն կատարելիս չգիտեմ՝ ինչի մասին էի մտածում, երեւի ոչինչ էլ չէի մտածում, որ այդպիսի քայլի գնացի: Այս ամիսների ընթացքում շատ եմ փոխվել, շատ բաներ եմ հասկացել, ամաչում եմ եւ երբեք այդպիսի քայլի չեմ գնա նորից»,- ասաց նա:

Վիճաբանության ժամանակ ընկերոջը մարմնական վնասվածքներ հասցրած՝ Արմավիրի բնակիչ, 16-ամյա Կ. Ա-ն փորձաշրջանն ավարտելու է 1 ամսից. Նրա խոսքով՝ այս 11 ամիսները իրեն շատ բան են սովորեցրել:

«Կռվեցինք, ես էլ ծեծեցի, էդ տղան մարմնական վնասվածքներ ստացավ: Այնպես չի, որ վիճաբանությունն իմ պատճառով է սկսվել, ընկերոջս պատճառով է եղել ամեն ինչ: Մեկ տարի փորձաշրջան եմ անցել, ասում են, որ խելոքացել եմ, չնայած առաջ էլ էի խելոք, փորձանք էր պատահեց էլի, կաշխատեմ այդպիսի փորձանքներից հեռու մնալ սրանից հետո»,-նշեց 16-ամյա տղան:

Երեւանի բնակչուհի, 17-ամյա Ռ. Ա.-ն նույնպես վստահեցնում է, որ իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի. սուտ մատնություն կատարելու համար դատապարտված 17-ամյա աղջնակն ընդգծեց, որ «իր գլխին սարքել են, իսկ մեղավորն էլ անպատիժ է մնացել»:

«Ես ոչ մի բան չեմ արել, ուղղակի թյուրիմացության պատճառով ես եմ զոհը դարձել, ոչ մի բանի հետ կապ չունեմ: Արդեն 6 ամիս է փորձաշրջանի մեջ եմ, դեռ մեկ տարի պետք է անցնեմ: Այս թյուրիմացության համար անգամ ամաչում եմ»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր 36 անչափահաս դատապարտյալ կա, որոնք փորձաշրջանի մեջ են գտնվում, քանի որ նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: