Փրկարար ծառայությունը հունիսի 9-ին, ժամը 19.28-ից մինչ 20.22-ը ահազանգեր է ստացել, որ ուժեղ քամուց տանիքներ են վնասվել Արագածոտնի մարզի Ալագյազ, Բերքառատ, Գեղարոտ,Գեղաձոր, Սադունց, Ծաղկահովիտ, Ճարճակիս գյուղերում:

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր եւ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ վնասվել են Բերքառատ գյուղում 12 տան, Գեղարոտ գյուղում 20 տան եւ 3 անասնագոմի, Գեղաձոր գյուղում շուրջ 22 շինության, Նորաշեն գյուղում՝ շուրջ 15 շինության, Սադունց գյուղում՝ մոտ 15 շինության եւ Ալագյազ գյուղում չգործող ռեստորանային համալիրի (մոտ 300 քմ) տանիքներ:

Մյուս գյուղերի վնասների չափը կճշտվի հունիսի 10-ին: 

Իսկ, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ս. Դավթի թիվ 40 հասցեում տեղակայված Հ. Հ.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում քամուց պոկվել է տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 270 քմ) եւ ընկել հարակից կայանված «Մերսդես» մակնիշի 69ՏA009 պ/հ ավտոմեքենայի վրա (պատկանում է Ս. Ի.-ին):

Պարզվել է, որ քամուց վնասվել են նաեւ բարձրավոլտ էլ. լարերը: Հրշեջ-փրկարարները մասնատել են երկաթյա թիթեղները եւ տեղափոխել անվտանգ տարածք: