ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը`  ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:

Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ եւ Ներքին Բազմաբերդ համայնքներում:

Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգեւոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց տարածմանն ու պահպանմանը: Այն կարեւորվում է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ եւ շարադրությունների օլիմպիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության եւ հանրահռչակման մշակութային տարածք:

Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցառումներ կանցկացվեն նաեւ ՀՀ Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: