Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու 126 հասցեում գործող «Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին հրկիզման եղանակով վնասելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը 2015 թվականի հունիսի 9-ին` ժամը 03:55-ի սահմաններում, «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով մուտք է գործել հյուրանոցային համալիրի թիվ 8 առանձնասենյակի ավտոտնակ եւ հրկիզելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են անիվ, պոլիէթիլենային տարաներ, անհայտ ծագման նյութ, որոնց  նկատմամբ նշանակվել  են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  09.06.2015թ.հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։