Երեւանի Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 գերակա շահ ճանաչված շենքերի երկու բնակիչներ դատարանի որոշմամբ պետք է 2-ամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասացին բնակիչները՝ ավելացնելով, որ իրենք մարտական են տրամադրված եւ չեն պատրաստվում լքել իրենց բնակարանները:
«Մենք չենք զիջելու, որովհետեւ մինչ օրս չկա նախագիծ, թե ինչ է կառուցվելու տվյալ շենքերի փոխարեն: Կա գերակա շահ ճանաչելու որոշում, բայց չկա այն նպատակը, թե ինչի համար էր պետք նման որոշում կայացնելը: Ակնհայտ է, որ ընդամենը «Լոկալ դեվելոփերս» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի եւ նրա հովանավորների գրպանները որոշակի գումար լցնելու նպատակով է դա արվում: Դատարանն ապօրինի որոշում է կայացրել, մենք չենք լքելու մեր բնակարանները, ինչքան կառավարության որոշում ուզում են, թող ընդունեն»,- լրագրողներին ասաց բնակիչներից Վարդան Գերավետյանը՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին պատշաճ ուշադրություն ցուցաբերել իրենց խնդրի նկատմամբ:
Բնակիչները Կառավարության շենքի մոտից պետք է գնային Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը: Նրանք նշեցին, որ հույս չունեն, թե դատարանը իրենց օգտին որոշում կկայացնի՝ ավելացնելով, որ շարունակելու են պայքարել եւ չեն լքելու իրենց բնակարանները:
«Եթե Արա Մելքումյանը խիղճը կորցրել է, մենք հույս ունենք, որ մյուս դատավորների մեջ ինչ-որ մեկը կգտնվի, որը կունենա համարձակություն, պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերի եւ չի անի այն, ինչը կհակասի օրենքին եւ մարդկային խղճին»,- ասաց Վարդան Գերավետյանը:
Բնակիչներից Մելինե Նավասարդյանը նշեց, որ դրամական փոխհատուցում վերցնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այն Կառավարության կողմից սահմանված արժեքից մի քանի անգամ պակաս է:
«Մեր տներից մեզ բռնի ուժով հանում են: Ինչի՞ պետք է իմ բնակարանը նվիրեմ Մայրապետյանին: Չգիտեմ էլ՝ ինչու ենք գնում դատի, ես հույս չունեմ դատարաններից, բայց պայքարելու ենք: Մեր տղամարդիկ, նույնիսկ կանայք ագրեսիվ են տրամադրված, մենք դուրս չենք գալու մեր բնակարաններից»,- ասաց բնակչուհին:
Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի եւ Լալայանց 37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ են կանգնած մոտ 22 ընտանիք:





























