Բյուրականի աստղադիտարանի տնօրենի ընտրություններում ներկայիս տնօրեն Հայկ Հարությունյանը չի պատրաստվում առաջադրվել։ Այս մասին այսօր` հունիսի 10–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Հարությունյանը` հավելելով, որ շարունակելու է աշխատանքն աստղադիտարանում։
«Արդեն երկար տարիներ այս պաշտոնում եմ եւ այժմ այն տարիքում եմ, որ տնօրեն չեմ կարող լինել։ Ատղադիտարանի տնօրեն լինելու արժանի մարդիկ շատ կան եւ հուսով եմ, որ այնպիսի մեկը կգա, որ ինձանից ավելի լավը կլինի։ Այն պետք է հոգատար ձեռքերում լինի, քանի որ աստղադիտարանը Հայաստանի դիմագծերից մեկն է եւ շատ կարեւոր է Հայաստանի համար»,–նշեց նա։
Նշենք, որ 64-ամյա Հայկ Հարությունյանը 1986թ. աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, սկզբնական շրջանում՝ որպես առաջատար գիտաշխատող, ապա տնօրենի պաշտոնակատար, իսկ 2004թ.՝ տնօրեն: Երկար տարիներ նա դասախոսում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:





























