Հունիսի 9-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ ի պատիվ լիբանանահայ մտավորական, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի:

Միջոցառմանը ներկա էին ազգային կառույցների ղեկավարներ, լրատվամիւոցների ներկայացուցիչներ, Սարգիս Կիրակոսյանի հարազատները:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Վերջինս խոսեց Սարգիս Կիրակոսյանի երկարամյա հայրենանվեր գործունեության մասին, որի շնորհիվ ամրապնդվել եւ խորացել է Հայաստան-Սփյուռք կապը: Շահան Կանդահարյանն ընդգծեց Սարգիս Կիրակոսյանի կարեւոր դերակատարությունը լիբանանահայ գրողների միություն ստեղծելու եւ Հայաստանի գրողների միության հետ ակտիվ համագործակցություն ծավալելու գործում:

Իր խոսքում դեսպան Քոչարյանը ներկայացրեց մանրամասներ Սարգիս Կիրակոսյանի հարուստ կենսագրությունից, բարձր գնահատեց նրա ազգանվեր գործունեությունը եւ ավանդը հայոց լեզվի եւ հայկական հարուստ մշակութային եւ մանկավարժական ավանդույթների պահպանման եւ տարածման գործում: Դեսպանը նշեց, որ Սարգիս Կիրակոսյանի բազմաբովանդակ եւ բեղուն գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի եւ պարգեւների ՀՀ եւ ԼՂՀ պետական կառույցների կողմից: Դեսպանը խորհրդանշական համարեց, որ Սարգիս Կիրակոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով արժանանում է Մովսես Խորենացու մեդալին մայիսյան հաղթանակների եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` ողջ աշխարհով մեկ կազմակերպվող միջոցառումների օրերին:

Այնուհետեւ դեսպանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ Սարգիս Կիրակոսյանին հանձնեց բարձր պարգեւը:

Երեկոյի ավարտին Սարգիս Կիրակոսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Նախագահին բարձր պարգեւի համար՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Ես շատ կցանկանայի այս շքանշանը ստանալ հերոսական Սարդարապատի հողի վրա, բայց դարձյալ հպարտ եմ եւ ուրախ, որ պարգեւատրվում եմ ՀՀ դեսպանությունում, քանի որ սա նույնպես հայկական հող է, իսկ Հայաստանի ամեն մի թիզ հող մեզ համար եւ՛ Սարդարապատ է, եւ՛ Ծիծեռնակաբերդ, եւ՛ Զանգեզուր, եւ՛ Արցախ»: