Թերթը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող C-300 զենիթահրթիռային համակարգի մասին զրույցել է Ռուսաստանում գործող ռազմական քաղաքագետների միության անդամ Վասիլի Բելոզյորովի հետ: «Հայաստանում կարծիքներ են հնչում, թե որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ն չպետք է այդ զենքերը վաճառի Ադրբեջանին, քանի որ դա կխախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»՝ թերթի հարցին փորձագետը պատասխանել է. «C-300-ը ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական զինատեսակ է, ուստի հղումները, թե հավասարակշռությունը կխախտվի՝ այնքան էլ ճիշտ չեն: Առավել եւս, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար գոյություն ունեն համատեղ զորամիավորումներ, եւ նաեւ հակաօդային պաշտպանությունն է լավ աշխատում: Կան նաեւ հարձակողական հրթիռային համակարգեր, իսկ C-300-ը հարձակման համար չէ: Ադրբեջանը դրանք ձեռք բերելու համար դիմել է Ռուսաստանին, սակայն նա կարող էր ԱՄՆ-ին դիմել: Եւ դա Հայաստանի համար ոչ մի լավ բան չէր բերի, քանի որ դա կբերեր ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացմանը տարածաշրջանում եւ մասնավորապես Ադրբեջանում»:
Թերթը հարցրել է նաեւ. «Հայաստանում խոսում են, որ այդ գործարքում իրականում քաղաքական ենթատեքստ կա. Դուք այդ ենթատեքստը տեսնու՞մ եք, թե՞ ըստ Ձեզ, դա զուտ տնտեսական գործարք է», ինչին ի պատասխան Վասիլի Բելոզյորովն ասել է. «Ռուսաստանի գործողությունները Կովկասում, իհարկե, քաղաքական ասպեկտներ ունեն: Սակայն Ռուսաստանին դժվար է բռնել միայն մեկի կողմը՝ աջակցել միայն Հայաստանին կամ Ադրբեջանին, քանի որ ամեն մեկն իր ճշմարտությունն ունի: Ադրբեջանն իրենն ունի, Հայաստանն՝ իրենը, Վրաստանն էլ իր ճշմարտությունն ուներ, երբ հարձակվում էր Հարավային Օսիայի վրա: Իսկ ՌԴ-ն, այնուամենայնիվ, հետաքրքրված է տարածաշրջանում հարաբերությունների բարելավմամբ: Այո, իհարկե, այստեղ անկասկած կան քաղաքական ասպեկտներ, եւ նրանցից մեկն այն է, որն արդեն ասացի՝ նույն Հայաստանի համար ավելի լավ է, որ Ադրբեջանը ստացել է C-300 համակարգերը եւ ոչ թե ամերիկյան Patriot համակարգերը: Ամեն դեպքում, եթե իրոք այդ գործարքը լինի, ՌԴ-ի այդ քայլերը չեն նշանակի, թե Ռուսաստանն ուզում է լարել իրավիճակը Կովկասում»:



























