Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանը որեւէ կուսակցության անդամակցելու պլաններ չունի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է նորընտիր քաղաքապետը: «Ես երբեք կուսակցական չեմ եղել եւ նման պլաններ չունեմ»,-հայտարարել է Գեւորգյանը:
Հարցին՝ իր հարաբերությունները չեն փչացե՞լ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հետ, Գեւորգյանը պատասխանել է. «Էդվարդի հետ ես նորմալ, ընկերական հարաբերություններ ունեմ: Ես նորմալ նախընտրական քարոզարշավ եմ իրականացրել: Ես գիտեի, որ իրար վիրավորելով, իրար վրա հարձակվելով ես վարկանիշ ձեռք չեմ բերի»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Գագիկ Ծառուկյանի օգնական վահագն Գեւորգյանը, որը երկար ժամանակ աշխատել է ԱԺ աշխատակազմում, այդ թվում Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Գեւորգյանին պաշտպանել են ՀՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը:





























