Հայաստանն առանց հացի չի մնա եւ այդ ուղղությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցորենի ներկրման ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության` «Ալեքս Գրիգի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընկերությունը ցորենի բավականաչափ պաշար է ներկրել:
«Մենք բավականաչափ ներկրել ենք, իսկ մնացածն էլ, եթե Ռուսաստանը թույլ չտա, այլ երկրներից կբերենք, օրինակ Եվրոպայից կամ Ամերիկայից»,-ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե ցորենի որքա՞ն պաշար ունի ընկերությունն այժմ եւ այն որքա՞ն ժամանակ կբավականացնի Հայսատանին, գործարար պատգամավորը պատասխանեց, թե «հացը մինչեւ ձմեռ կհերիքի»: Նա նշեց նաեւ, որ եթե դադարեցվի ցորենի ներկրումը Ռուսաստանից, դա իր ազդեցությունն է ունենալու ալյուրի գնի վրա. ալյուրը թանկանալու է՝ կապված տրանսպորտային ծախսերի մեծացման հետ:
Իսկ թե որքա՞ն կբարձրանա ալյուրի գինը, Սամել Ալեքսանյանը դժվարացավ ասել, նշելով, որ դեռեւս չեն հաշվարկել Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ներկրվելիք հացահատիկի տրանսպորտային ծախսերը: «Այսօր ես հանձնարարել եմ մեր աշխատակիցներին զբաղվել այդ հաշվարկներով: Երկու-երեք օրից պարզ կդառնա»,-ասաց «Ալեքս Գրիգի» սեփականատերը: Նկատենք, որ շուկայում արդեն իսկ ալյուրը 20-30 դրամով թանկացել է: Ալեքսանյանի խոսքով՝ թանկանալու են նաեւ հացաբուլկեղենն ու մակարոնեղենը եւ բոլոր այն մթերքները, որոնք այլուրից են պատրաստվում:
Գործարարն ասաց նաեւ, որ պետության ցորենի պաշարներն էլ են ի պահ հանձնվել իրենց ընկերությանը, քանի որ «Ալեքս Գրիգն» ունի համապատասխան պահեստներ: Իսկ թե որքա՞ն են կազմում պետության եւ «Ալեքս Գրիգի» ցորենի պաշարները միասին վերցրած, Ալեքսանյանը չասաց: «Շատ-շատ ա, մի անհանգստացեք, մենք պրոբլեմ չունենք»: Ինչ վերաբերում է ալյուրի գների սպասվող աճին, Ալեքսանյանն ասաց, որ մեծ հաճույքով կպահեր այլուրի նախկին գինը, սակայն «շուկան իրենն է թելադրում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Բացի այդ՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ:
Նշենք, որ Հայաստանն ներկրվող հացահատիկի մեծ մասը հիմնականում գալիս է Ռուսաստանից։ Հայաստանը տարեկան ներկրում է 300-400 հազար տոննա հացահատիկ: Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո:




























