Հունիսի 10-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի եւ Բելգիայի միջեւ» գործարար համաժողովը, որին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բելգիա-Հայաստան Առեւտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առեւտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների եւ ներդրումների գործակալությունը եւ Ֆլանդրիայի ներդրումների եւ առեւտրի գործակալությունը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ բելգիացի գործարարները եւ համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք մեր երկիրը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա:

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը «Նոր հնարավորություններ Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» թեմայով իր շնորհանդեսում բելգիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտի գրավչությունը, ներդրումային հնարավորությունները եւ համագործակցության հեռանկարները: «Շատ կարեւոր միջոցառում էր Հայաստանի ներդրումային միջավայրը եւ հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները եւ ներդրումները խթանելու համար»,- կարեւորելով համաժողովի արդյունքները, նշել է Արման Խաչատուրյանը:

Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը եւ Եվրոպական միությունում Հայաստանի առեւտրական կցորդը: