Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների ղեկավարների հետ: Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ, թեեւ ոլորտում իրականացվող աշխատանքները ծավալուն են ու իրականացվում են անգամ ոչ աշխատանքային օրերին, այդուհանդերձ, կանաչապատման եւ կանաչ տարածքների խնամքի թեժ տարեշրջանով պայմանավորված, անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, որպեսզի որեւէ թերացում չլինի: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչեւ հունիսի 15- ը վարչական շրջաններում  ավարտել  ծաղկապատման աշխատանքները, ծաղիկներով համալրել նաեւ ոռոգման ցանց ունեցող ճանապարհներին հարակից ծաղկային տարածքները:

Անդրադառնալով խոտհնձին` Կամո Արեյանը  նշել է, որ պետք է համակարգված աշխատանքներ տանել, որպեսզի գործընթացն իրականացվի  ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ մասնավոր կամ վարձակալության հանձնված այգիներում, պուրակներում, բակերում եւ այլ տարածքներում: Միաժամանակ ընդգծվել է, որ հնձված տարածքներն անհրաժեշտ է անմիջապես ոռոգել՝ կանաչ զանգվածի հետագա փարթամ աճն ապահովելու համար: Ինչ վերաբերում է ոռոգման աշխատանքներին ընդհանրապես, ապա հանձնարարվել է, շոգ եղանակով պայմանավորված, կանաչ տարածքների ոռոգումը հնարավորին պարբերական դարձնել: Առանձին հատվածներում ոռոգման համար անհրաժեշտ ջրածավալին առնչվող հարցերը քննարկվել են խորհրդակցությանը ներկա «Երեւան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցչի հետ:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծառերի սրսկման եւ բուժման աշխատանքները շարունակելու նպատակով ստացվել է նոր բուժանյութ, որը կբաշխվի վարչական շրջաններին: Խորհրդակցության ավարտին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանատուներին հանձնարարել է տեղերում խիստ վերահսկողություն սահմանել կանաչապատման, կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման եւ այլ բաղադրիչների պատշաճ իրականացման նկատմամբ եւ պարբերաբար ներկայացնել արդյունքները: