Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզա-առողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների եւ շուրջ 500 հանդիսատեսի համար: Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով եւ նվիրաբերվելու է Երեւան քաղաքին: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Արդեն ավարտվել են երկաթբետոնե կմախքի իրականացման աշխատանքները, արտաքին եւ ներքին  պատերի շարվածքի, սահադաշտի տանիքի մետաղական ֆերմաների մոնտաժային աշխատանքները: Նշվել է նաեւ, որ այս պահին իրականցվում են ծածկի սենդվիչների մոնտաժային աշխատանքները, զուգահեռ կատարվում են շենքի ճակատի երեսպատման եւ ներքին հարդարման, ինչպես նաեւ ինժեներական աշխատանքները:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն, եւ մարզական կառույցը կհանձնվի շահագործման ու իր կարեւոր դերակատարումը կունենա հայկական գեղասահքի զարգացման հարցում:

«Երեւանում ձմեռային մարզաձեւերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում եւ համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր: Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երեւանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզա-առողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երեւան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձեւերի դպրոց: Հիմնարկեքի օրից մեկ տարի է անցել եւ, ինչպես տեսնում եք, խոշոր շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, եւ արդեն այս տարվա աշնանը համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման: Կարծում եմ՝ հիշում եք, որ այս համալիրի հիմնարկեքին մասնակցում էր նաեւ գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով սիրով խոստացավ ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցի կայացմանը: Ու հաշվի առնելով, որ նա նաեւ իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել այս մարզադպրոցի կառուցման հարցում, մենք էլ մեր հերթին նախատեսում ենք մարզադպրոցն անվանակոչել Իրինա Ռոդնինայի անունով»,- ընդգծել է քաղաքապետը: