Այսօր հերթական հաջողությունն են արձանագրել փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը. 2015թ. հունիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ, որով արդարացրել է նրանց պաշտպանյալ Արմեն Ավանեսյանին:
Արմեն Ավանեսյանը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 19-ին կայացրած դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով։
Ըստ մեղադրանքի, նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի ավագ, կոչումով՝ ենթասպա, 2014թ մարտի 3-ին տեսնելով զինածառայողներ Հայկ Գրիգորյանի եւ Դավիթ Բարոյանի միջեւ տեղի ունեցող վիճաբանությունը քաշքշուկը, մոտեցել է նրանց եւ փորձել բաժանել, ինչի ընթացքում Դավիթ Բարոյանի կողմից իրեն հարվածներ հասցնելուց հետո ծեծել է ստորադաս հանդիսացող Դավիթ Բարոյանին, այն է՝ ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի շրջանին:
Պաշտպանության կողմը կայացված դատավճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք, հիմնավորելով, որ Արմեն Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, եւ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























