Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր՝ հունիսի 11-ին, բանաստեղծ Վաչե Պետրոսյանի մահվանից կես տարի անց, տեղի ունեցավ նրա «Ֆուտուր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է բանաստեղծի կնոջ՝ Ռիտա Նահապետյանի ջանքերով, շնորհանդեսին ներկա էին բանաստեղծի հարազատները, գրչընկերները։
Շնորհանդեսի ժամանակ գրող, հրատարակիչ Վան Արյանը նշեց, որ Վաչե Պետրոսյանը ոչ միայն բանաստեղծ է, այլեւ քանդակագործ, նկարիչ, խաչքարագործ, մարդ, որը շատ բան ունի ասելու գալիք սերունդներին։
«Մի քիչ կարող է տարօրինակ հնչել, բայց նրա այս ժողովածուի ֆուտուրները հիշողություններ են ապագայի մասին, որոնց մեջ մտորումներ կան եւ անցյալի, եւ ապագայի վերաբերյալ։ Վաչեն ինքնատիպ, բոլորից տարբերվող, խարիզմա ունեցող մարդ էր, սիրում էր հայրենիքը եւ բոլորից շատ էր մտահոգված Հայաստանի ապագայի մասին»,-ասաց Վան Արյանը։
Ժամանակակից գրող Արմեն Շեկոյանն էլ նշեց, որ Վաչե Պետրոսյանը քաղաքային պոեզիայի սակավաթիվ ներկայացուցիչներից է. «Վաչեն արդեն 60-70-ական թվականներից ռեալ բանաստեղծ էր. նա ուղղակի կամ համեստություն էր անում, կամ էլ նկարչությանն էր ավելի մեծ դեր տալիս»։
Վաչե Պետրոսյանի հարազատների ու ընկերների խոսքով՝ բանաստեղծն իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել եւ արարել է իր ազգի համար՝ դառնալով Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի եւ անտարբերության զոհը։ Նրանց խոսքով՝ Վաչե Պետորոսյանը ապագայի բանաստեղծ է, եթե նրա գործերը այս սերունդը այնքան էլ չի գնահատում ու կարդում, ապա ապագայում նրա բանաստեղծությունները կարդալու են եւ նրա անունը հնչելու է ապագա սերունդի շուրթերին։
Վաչե Պետրոսյանը 1975 թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը։ 1995 թ. եղել է Հայաստանի նկարիչների միության եւ նկարիչների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում։ Ունի խաչքարի ծագումնաբանությանը նվիրված ուսումնասիրություններ։
Աշխատել է Սարդարապատի ազգագրության թանգարանում, Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, «Գրական թերթում», Խոսրովի արգելոցում, ՀՀ ՆԳ եւ պաշտպանության համակարգում։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ռազմական գործողություններին, ունեցել է փոխգնդապետի զինվորական կոչում։
2000թ. լույս է տեսել նրա՝ «Դառը խավիծ» բանաստեղծությունների ժողովածուն, երկրորդ գիրքը՝ «Թուջե մառախուղը»՝ 2010 թ.։ Վաչե Պետրոսյանը մահացել է 2014թ. նոյեմբերի 27-ին։





























