Իշխանություններին նույնպես ձեռնտու չէ թանկացումը ցանկացած ոլորտում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ու հունիսի տասներկուսին կայանալիք խորհրդարանական լսումներին։
«Վաղը կտեսնենք՝ այդ թանկացումը հիմնավորված է, թե ոչ։ Որեւէ իշխանություն չի կարող ողջունել եւ ցանկանալ, որ այս կամ այն ապրանքը թանկանա։ Եթե գնում են թանկացման, ուրեմն կան պատճառներ։ Մնացածը վաղը պարզ կլինի»,- ասաց Շարմազանովը։
Նշենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը տասնյոթ դրամով բարձրացնելու պահանջով։ Հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է հայտը եւ առկա է որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկում է հոսանքը թանկացնել 6.93 դրամով։ Հունիսի տասնյոթին ՀԾԿՀ-ն կընդունի որոշումը։





























