Թուրքական դատարանը պարտավորեցրել է տեղի ոստիկանին 600 ծառ տնկել որպես պատիժ այն բանի, որ նա 2013-ին բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ անհիմն կերպով արցունքաբեր գազ է կիրառել:

Նա մեղավոր է ճանաչվել ցուցարար աղջկա առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Դատարանը սկզբում ոստիկանին դատապարտել է 20 ամսվա բանտարկության, սակայն հետո փոխարինել է պատիժը պարտադիր աշխատանքներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատավճռի մեղմ լինելը դատավորը բացատրել է դատական գործընթացի ողջ ընթացքում ամբաստանյալի լավ վարքով: Նաեւ նշվում է, որ դատապարտյալը պետք է ոչ միայն 600 ծառ տնկի, այլ նաեւ խնամի դրանք մինչեւ աճելը:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին, հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը արցունքաբեր գազ կիրառում կարմիր զգեստով անզեն կնոջ նկատմամբ: