Ռուսաստանից ցորենի արտահանման նկատմամբ սահմանված արգելքը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա Հայաստան ներկրվող հացահատիկի գնի եւ ծավալների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցորենի ներկրման ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը:
«Եթե դուք Չիկագոյի բորսայի տվյալներին հետեւում եք, ապա կտեսնեք, որ այնտեղ աստղաբաշխական բարձրացում է տեղի ունենում»,-նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստան ներկրնող ցորենի գինը, բանականաբար, եւս կբարձրանա: Հարցին, թե ներկա դրությամբ որքա՞ն պաշար ունի ընկերությունը, Մանուկյանը չասաց, միայն նշեց, որ «եղած պաշարները բավարար են, որպեսզի Հայաստանը սոված չմնա»: «Ուղղակի այլ հարց է, թե տնտեսական առումով, ձեռնարկությունն ի՞նչ շարժ պետք է անի, որպեսզի հետո ի վիճակի լինի նույն քանակի ցորեն ներկրել,»,-նշեց «Մանանա Գրեյնի» փոխտնօրենը: Նրա տվյալներով՝ այս ընթացքում, երբ Ռուսաստանը հայտարարեց ցորենի արտահանման արգելքի մասին, 1 պարկ ալյուրը մոտ 500 դրամով թանկացել է:
Նա չբացառեց, որ օգոստոսի 15-ից սկսած ալյուրը կրկին կթանկանա: «Թանկացումը կամայական շարժ չէ, այլ ամբողջ աշխարհում նկատվող միտում է: Ըստ երեւույթին, արդեն բերքահավաքային տվյալները պարզ են, եւ ըստ այդմ էլ արդեն իսկ որոշվել է ցորենի գինը»,-նշեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ ընկերությունը փորձելու է այլ երկրներից ցորեն ներկրել: «Օրինակ՝ Ամերիկայից, քանի որ եվրոպական մասում կրկին ցորենի հետ կապված խնդիրներ կան, իսկ Ամերիկա մայրցամաքն ունի ցորենի որոշակի պաշարներ: Թե ի՞նչ գնով ու երբ՝ ես դա չգիտեմ: Բայց մի բան պարզ է՝ Հայաստանն առանց ցորենի չի մնա, քանի որ մեր ընկերության ճակատին գրված է՝ հացով ապահովել երկրին»,-հույս հայտնեց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Բացի այդ՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ:
Նշենք, որ Հայաստանը հացահատիկի մեծ մասը հիմնականում ներկրում է Ռուսաստանից՝ տարեկան 300-400 հազար տոննա: Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո:




























