ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով կանոնակարգվել են ՔԿՀ-ներում կալանավորների սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի եւ սննդի քանակի եւ որակի հսկողության կարգի  ու ձեւերի հետ կապված հարաբերությունները:

Նախարարությունից հայտնում են, որ հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին եւ կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են  դատապարտյալներին եւ կալանավորված անձանց տրվող սննդի որակի եւ մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ: Մասնավորապես հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի եւ որակի հսկողության մատյանի» վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի եւ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը եւ որակը, այսուհետ պարտավոր կլինեն են համապատասխան եզրակացություն ներկայացնել:

Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ Դատապարտյալներին եւ կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները եւ գումարը: Նախքան դատապարտյալներին եւ կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի  կալանավորված անձանց եւ դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու /չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են/ քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից: