Երեւանի Կոմիտաս 5ա հասցեի բնակիչները, որոնք մեկ տարի առաջ պայքարում էին իրենց հարեւանությամբ կառուցվող բազմահարկ շենքի շինարարության դեմ, բողոքում են, քաղաքապետարանը խախտել է իրենց հետ ունեցած համաձայնությունը եւ ընկերությանը շենքը 4 մետրով բարձրացնելու լրացուցիչ թույլտվություն են տվել:

Բնակիչներն այսօր՝ հունիսի 12–ին, իրենց բողոքը հայտնեցին քաղաքապետարանի առջեւ:

«Մեր պայմանավորվածությունը եղել է 24 մետր մաքսիմում, այդ բոլորը հաշվի է առնվել, նախագիծը մենք ունենք։ Մայիսի 6–ին քաղաքապետարանի կողմից «Լիբեր» ընկերությանը նոր թույլտվություն է եղել, որ մաքսիմում 28 մետր լինի շենքի բարձրությունը։ Մենք որքանո՞վ համոզված լինենք, որ դա կառուցելուց հետո մի հատ էլ թույլտվություն չի լինի, որ շենքը դառնա 30, հետո 32 մետր։ Ըստ սկզբնական նախագծի` 14 հարկանի շենք էր նախատեսված, մեր բազմաթիվ եւ բազմաչարչար գործողություններից հետո քաղաքապետը ընդառաջ գնաց, բոլորի ներկայությամբ եւ գրավոր, եւ բանավոր խոստացավ, որ 24 մետրից ավելի չի բարձրանալու այդ շենքը, քանի որ իրոք խանգարում է մեզ։ Հիմա չեք պատկերացնի` ինչ վիճակ է. այդ շենքի շինարարության ամբողջ աղբը, փոշին աղմուկը առավոտից իրիկուն մեր բնակարանների մեջ է։ Դա շատ է խանգարում մեզ։ Բացի դա էլ՝ այդ շենքը մեզ զրկում է արեւից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտաս 5ա հասցեի բնակչուհի Սուսաննա Թերզյանը:

Քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ կարգավորման ծրագրի բաժնի պետ Արբակ Վարդանյանը, որը քաղաքապետարանի մոտ հանդիպեց բողոքող բնակիչներին, նշեց, որ շենքը նախկինի պես 7 հարկանի է, պարզապես ավելացվում է եւս 1 հարկ, որը նախատեսված է շենքը սպասարկող կաթսայատան, օդորակիչ եւ օդափոխման համակարգերի եւ աստիճանավանդակի համար։

Արբակ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր կառուցվող շենքը ստվեր չի գցում բնակելի մյուս շենքերի վրա: 

«Շենքը, որը կառուցվում է, գտնվում է բնակելի տարածքից մոտ 24 մետր հեռավորության վրա, որ թույլատրելիի սահմանում է, եւ չի կարող ստվեր գցել մյուս շենքերի վրա»,– ասաց նա։

Կոմիտաս 5 հասցեի բնակիչները չեն հավատում, որ նախնական հատակագծի մեզ  նախատեսված չի եղել նոր կառուցվող տեխնիկական հարկը։

«Անհավատալի է, որ դա չեն նախատեսել։ Ուղղակի պատճառներ են բռնում, որպեսզի բարձրացնեն»,– ասացին բնակիչները` ավելացնելով, որ ավե;լացվող նոր հարկը ոչ թե տեխնիկական, այլ բնակելի հարկ է։

Բողոքի ակցիային ներկա էր նաեւ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որի խոսքով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաբել է կոմիտաս 5 հասցեի բնակիչներին` նորակառույց շենքը 28 մետրով բարձրացնելու շինթույլտվություն տալով։

«Կարելի էր այդ շենքը 24 մետրով բարձրացնել եւ այս աղմուկը չբարձրացնել։ Ինչու՞ եք մարդկանց այդ աստիճանի լարում ձեր դեմ, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ուզում եք ասել`մենք ինչ ուզենք կանե՞նք, վաղն էլ 30, 40 մետրի վրա կտա՞նք։ Ոչ մի երաշխիք չկա։ Միշտ ասում է` չեմ տալու շինթույլտվություն, անցնում է մի ժամանակ մեկ էլ տեսնում ես տվեց, պարոն Մարգարյան չի կարելի»,– ասաց Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ «Լիբեր» ՍՊԸ-ն Կոմիտասի 5 հասցեում 2011թ. մայիսի 13-ին սկսել է բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման աշխատանքները, որը մինչ որս վիճարկում են Կոմիտաս 5, 3, 7/1-բնակիչները։