Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերների նախաձեռնել են կառուցել Մոնթե Մելքոնյանի տուն-թանգարանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Սիրակ Չախալյանը՝ նշելով, որ կառավարության որոշմամբ  Արարատի մարզի Մասիս քաղաքի շրջանում, մոտ 3 հա հողատարածք է հատկացվել տուն-թանգարանը կառուցելու համար:

«Տուն-թանգարանի համար հատկացված տարածքում այժմ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներ ենք սկսել, արդեն 500 ծառ ենք տնկել, ջրագիծ ենք անցկացրել»,- ասաց նա՝ նշելով, որ նախատեսել են  մինչեւ Մոնթե Մելքոնյանի 60-ամյակը ավարտել թանգարանի կառուցումը:

Իրենց աջակցելու խնդրանքով հիմնադրամը դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ Եղեռնից փրկված եւ Քալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Նա հնագիտության պրոֆեսոր էր եւ տիրապետում էր 8 լեզուների: 1992թ. Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում: