Ճանապարհների պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում փոսային նորոգումների, ճաքալցման աշխատանքների ավարտից հետո հունիսի 1-ից հանրապետությունում մեկնարկել են միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների նշագծման աշխատանքները:
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ամեն տարի կատարում են նշագծման աշխատանքներ:
Այս տարի այդ աշխատանքները մեկնարկել են հունիսի 1-ին եւ նախատեսվում են ամբողջությամբ ավարտվել հունիսի վերջին:
Սյունիքի մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, այդ թվում «Տաթեւեր» ճոպանուղի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահման տանող ճանապարհներին, արդեն կատարվել է շուրջ 200 կմ հատվածի նշագծում:
Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի եւս 70 կմ հատվածի նշագծման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:
Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում նախատեսվում է կատարել 14200 քմ, Վայոց ձորի մարզում՝ 33100 քմ, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 34400 քմ ծավալի նշագծման աշխատանքներ:





























