Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, ազատամարտիկ 52-ամյա Վարդան Թումանյանի գործով տուժող կողմը մինչեւ օրս չի ստացել մեղադրական եզրակացությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող առաջին դատական նիստին հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը, որին տեղում տրամադրվեց մեղադրականի պատճենը:
«Եթե եղբորս ծեծելով սպանողները առաջին իսկ օրը ստացել են մեղադրական եզրակացությունը, ինչու՞ տուժող կողմը չի ստացել: Ինչու՞ պետք է տուժող կողմը մեղադրականը մինչ օրս չունենար իր ձեռքի տակ, որ այսօր առանց դրա գար դատական նիստին: Ասել եմ ու կասեմ, որ այս գործում կոռուպցիա կա, նրանք կաշառում են իրավապահներին, նաեւ դրա շնորհիվ են ազատվել: Ներսում նստածս տեղը մտածում էի՝ ձեռքս գռանատ լիներ, քցեի ստեղ»,- դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ մեղադրական եզրակացությանը ծանոթանալու եւ նոր ապացույցներ ներկայացնելու նպատակով: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 29-ին:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Սարգսյանը՝ «Ջունգլը», Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր:
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ:





























